Շրջադարձային եղան 1960-ականների երկրորդ կեսն ու 1970-ականները, երբ առաջին պլան դուրս եկան վեսթերնները, որոնց շնորհիվ տղամարդիկ էլ սկսեցին, կանանց հետ հավասար, ոգեշնչվել ֆիմերի հագուստներով: Թողարկվում էր որևէ ֆիլմ, այն դառնում էր մասսայական, մարդիկ փորձում էին նման հագուստ գտնել, իսկ պահանջարկը ստեղծում էր առաջարկ: Այսպես կարող ենք նկատել ոչ միայն սպագետտի-վեսթերնի ազդեցությունը նորաձևության վրա, այլև 1970-ականներին իտալական մաֆիայի մասին ֆիլմերը, 1980-ականներին «power dressings» կամ 1990-ականների մարտաֆիլմերի ոճը, որն առաջ բերեց ջինսե տաբատ, կաշվե բաճկոն և ավիատոր ակնոցների հայտնի լուքը: Այս ունիվերսալ հագուստը կոնկրետ ժանրի էր վերաբերվում և քիչ կապ ուներ դերասանի հետ: Նույնատիպ հագուստ կարող էր հագնել և’ Ժան Կլոդ Վան Դամը, և’ Մել Գիբսոնը, և՛ Բրյուս Ուիլիսը: Այս տասնամյակում, թերևս առանձնանում է մեկ ֆիլմ, որը խորը ազդեցություն ունեցավ ոչ միայն կինոյի պատմության, այլև նորաձևության վրա: Դա Վաչովսկիների «Մատրիցա» եռապատումն է: Առաջին մասի լույս տեսնելուց շատ չանցած Ալեքսանդր ՄաքՔուինը և Ջոն Գալիանոն ներմուծեցին «Մատրիցայի» գեղագիտությունը բարձր նորաձևություն։ Ֆիլմի ազդեցությունն ակնհայտ էր ոչ միայն հագուստի վրա, այլև աքսեսուարների: Ֆիլմի համար ստեղծված ակնոցներն այնպիսի մեծ թրենդ դարձան, որ Ռիչարդ Ուոլքերն անգամ իր դիզայներներական ակնոցների Blinde բրենդը ստեղծեց: Այս դեպքը դրդեց նաև շատ բրենդների ու ֆիլմարտադրողների տեսնել ամուր կապը ֆիլմերի և նորաձևության միջև: