Ի՞նչ է հարկավոր կապսուլային պահարան հավաքելու համար

Ի՞նչ է հարկավոր կապսուլային պահարան հավաքելու համար


Երբևէ կանգնե՞լ եք ամբողջովին լցված պահարանի առջև ու մտածել. «Ոչինչ չունեմ հագնելու»։ Այն նվեր ստացած բլուզն այդպես էլ ծալված դրված մնացել է պահարանում, ժամանակին իդեալական նստող այն ջինսից հրաժարվել չեք ուզում, սիրելի զգեստին համապատասխան աքսեսուարներ չեք գտնում, կորալի գույնի տաբատը վաղուց դուրս է եկել թրենդից, և այդպես շարունակ։

Այսպես ամեն օր պահարանի առջև մի քանի րոպե լուռ կանգնելուց հետո վերցնում եք այն նույն ջինսն ու շապիկը, որը երևի ամեն օր հաճույքով կկրեիք։


Իսկ ի՞նչ, եթե ունեցած հագուստի ու աքսեսուարների բոլոր կտորները թե՛ Ձեր սրտով լինեին, թե՛ մեկը մյուսի հետ սազեին։ Գուցե զարմանաք, բայց նման բան գոյություն ունի, և նույնիսկ անուն ունի՝ կապսուլային պահարան։ Այս պահարանի իմաստը մինիմալ քանակությամբ հագուստի ու աքսեսուարների այնպիսի կտորներ հավաքելն է, որոնք թրենդներից դուրս չեն գալիս, հեշտ են համադրվում մեկը մյուսի հետ, և դրանցից յուրաքանչյուրը հնարավոր է կրել տարբեր առիթներով։


Հիմա կարևորը՝ ինչպե՞ս կարող եք կազմել կապսուլային պահարան։



Առաջին հերթին՝ ազատվեք այն իրերից, որոնք չեք կրում։


Գիտեմ, գիտեմ, շատ դժվար է երբեմն հրաժեշտ տալը ավագ դպրոցից մնացած այն ծաղկավոր զգեստին, կամ կոստյումին, որն այլևս ճիշտ չի նստում։ Բայց դա անհրաժեշտ է՝ տեղ ազատելու համար թարմ, Ձեր հիմիկվա կերպարին, կազմվածքին և ստատուսին ավելի համապատասխան իրերի համար, որոնք միայն կուրախացնեն Ձեզ։ Խորհուրդ ենք տալիս պահարանը փորփրելիս և նման իրեր գտնելիս առանձնացրեք դրանք բաժինների՝

- Նվիրաբերելու համար

- Վաճառելու համար

- Դեն նետելու համար


Իսկ հիմա անցնենք բուն կապսուլային պահարանին։ Ի՞նչ է պետք իմանալ այն կազմելիս և ինչպե՞ս կարող եք արդյունավետ պլանավորել այն։


1. Համակարգում։ Իրերն ըստ եղանակների, առիթների և անհրաժեշտության


Կապսուլային պահարանը սովորաբար կազմում են ըստ եղանակային անհրաժեշտության, երեք սեզոնի համար՝ գարուն-աշուն, ամառ և ձմեռ։ Հագուստն ու աքսեսուարները կարելի է դասակարգել հետևյալ առիթներով.

- Ամենօրյա, ոչ պաշտոնական (casual)

- Բիզնես, ոչ պաշտոնական (business casual)

- Բիզնես, պաշտոնական (business formal)

- Տոնական, պաշտոնական (formal occasions)

- Սպորտային

- Ներքնազգեստ և լողազգեստ



Կապսուլային պահարանի ողջ հմայքը նրանում է, որ ընտրված հագուստի կտորները կարելի է համադրել տարբեր ոճեր ստանալու համար և կրել տարբեր առիթներով։ Այնպես որ՝ մտապահեք, որ պետք է գնել մինիմալ քանակությամբ հագուստ, և յուրաքանչյուր կտորից պետք է ստանալ հնարավորինս շատ համադրություններ։


2. Որոշեք գունային գամման


Կապսուլային պահարանն արդյունավետ է աշխատում հատկապես նախօրոք գունային համադրությունները պլանավորելիս, և գնումները դրան համապատասխան կատարելիս։ Կարող եք գունային համադրությունները հավաքել՝ ըստ ձեր նախընտրած գույնի, ըստ այն գույնի, որը խորհուրդ են տալիս ոճաբանները՝ ձեր մազերի և մաշկի գույնի համապատասխան, կամ կարող եք պարզապես ընտրել տարվա թրենդային գույները։ Միայն թե հիշեք համադրություններում ներառել այնպիսի գույներ ու ձևվածք, որոնք որպես թրենդ չեն հնանում։


3. Ընտրեք Ձեր կազմվածքին համապատասխան հագուստ

Անկախ տարվա թրենդներից՝ գնումներ կատարելիս պետք է առաջին հերթին իմանալ, թե որ ձևվածքն է լավագույնս ընդգծում Ձեր կազմվածքի ամենագեղեցիկ կողմերը։ Ուստի, եթե դեռ չեք կողմնորոշվում «բոյֆրենդ» կամ սքինի ջինսերից որն ընտրել, հետազոտեք հոդվածներ, որոնք ճիշտ բացատրում են, թե որ կազմվածքին ինչ հագուստ է սազում։ Այդ մասին շուտով կարող եք կարդալ նաև մեր բլոգում։


Երևի արդեն պարզ է, որ կապսուլային պահարան հավաքելիս ամենակարևորը դրա ճիշտ պլանավորումն է։ Ուստի, որպեսզի չշեղվեք պլանավորածից, կարևոր է ամբողջը մեկ վայրից գնելը։ Այդպես կթեթևանա Ձեր աշխատանքը, միևնույն ժամանակ կխուսափեք գնումներից հաճախ առաջացող մոլորվածությունից և հոգնածությունից։ Վստահ ենք՝ Դալմա Գարդեն մոլի խանութ սրահներում կկարողանաք հավաքել ցանկացած ոճի և եղանակի համապատասխան պահարան, որը ձեզ երկար կծառայի թե՛ որակով, թե՛ էսթետիկայով:

բաժանորդագրվի՛ր մեր էլ. նամակներին

  • Facebook
  • Instagram
  • YouTube
  • TripAdvisor

© Dalma Garden Mall 2020