Հայկական ամանորյա ավանդույթներ․ Կենաց ծառ

Իսկ ե՞րբ են մուտք գործել եղևնին ու Ձմեռ պապը հայոց կենցաղ։ Դեռ 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին հայերի ամանորյա ծիսաշարում եղևնին ու Ձմեռ պապն աննշան տեղ էին գրավում։


Իսկ ահա Կենաց ծառը հնուց ի վեր հայկական Ամանորի անբաժան մասն է եղել։


Հայերը եղևնու փոխարեն Ամանորին զարդարում էին ձիթապտղի կամ խնկի ծառ։ Ծառի համեմատաբար հաստ ճյուղերը եկեղեցում օրհնելուց հետո տանում էին տուն, ամրացնում նախապես թխված ծիսական մեծ հացի կամ բաղարջի վրա ու դնում սեղանի կենտրոնում: Այդ ճյուղը Կաղանդի ծառ է կոչվում: Ծառի զարդերը եղել են բնության պարգևներ և բացառապես՝ բնական: Տան անդամները զարդարում էին ճյուղերը զանազան մրգերով՝ խնձորներով, որը խորհրդանշում է պտղաբերություն, ցորենի հասկերով՝ ի նշան առատության, ինչպես նաև լոբու պատիճներով, որոնք ավանդաբար խորհրդանշում են ընտանիքի ամրությունը, քաղցրավենիքով, ընկույզով, կոպեկներով, փոքրիկ քսակներով՝ որպես առատության ու լիության խորհրդանիշ:


Ճյուղերից կախում էին նաև չարխափաններ, մարդակերպ և կենդանակերպ թխվածքներ:


Կենաց ծառ էին պատրաստում նաև փշոտ բույսերից և ավելաբույսերից:

Կենաց ծառի կողքին կար ևս մեկ, սակայն ավելի փոքր ծառ, որի վրա մոմեր էին դնում: Այդ ծառը կոչվում է չաթալ ծառ: Չաթալ ծառի վրա ընտանիքի յուրաքանչյուր անդամ պետք է իր համար մոմ վառի: Իսկ տան մեծ մամիկի մոմը պետք է առաձնահատուկ լինի: Հին ժամանակներում Ամանորի գիշերը, երբ հավաքվում էին երեխաները, սկսում էին մամիկից չիր ու չամիչ ուզել: Սակայն եթե մամիկի տվածը բավական չէր երեխաների համար, նրանք ցորենի հատիկներ էին գցում մամիկի վառած մոմի վրա` փորձելով հանգցնել: Իսկ մամիկն էլ ստիպված նրանց կրկին տալիս էր անուշեղեն:

Ձմեռ Պապի նկարագրին նմանվող կերպարը հայոց կենցաղում պահպանվել է Սահակ Պարթևի տոնից։ Սուրբ Սարգսի տոնից հետո հայերը մեծ շուքով նշում էին նաև Սուրբ Պարթևի տոնը: Այդ տոնի ժամանակ տան մեծերից մեկն աննկատ դուրս էր գալիս, հագնում էր մորթե գլխարկը, դնում այծի մորթուց կարված մորուքն ու, ներս գալով, պարկի միջից նվերներ էր բաժանում երեխաներին:

Նրան անվանում էին Մեծ Պապուկ կամ Կաղանդ Պապ։


Կաղանդ պապը ազգային արժեքները, ծիսական համակարգը պահպանող ու սերունդներին փոխանցող կերպար է։ Նվերների փոխարեն նա Ամանորի յոթ խորհուրդ է տվել՝ փոխադարձ հարգանք, խաղաղություն, ազնվություն, իմաստություն, աշխատասիրություն, համեստություն և գոհունակություն։


Վերհիշելով հայկական Ամանորի ավանդույթներն ու ծիսակարգերը՝ 2021-ին էլ առաջնորդվենք այս խորհուրդներով ու փորձենք ապրել նոր ուժով, նոր հույսով՝ հանուն զարգացման:

բաժանորդագրվի՛ր մեր էլ. նամակներին

  • Facebook
  • Instagram
  • YouTube
  • TripAdvisor

© Dalma Garden Mall 2020