Կարևորելով հայկական ավանդական տոների հանրայնացման, յուրաքանչյուր տոնի իրական խորհրդի բացահայտման թեման՝ այսօր անդրադառնում ենք մեր տոնացույցի ամենակարևոր օրերից մեկին՝ Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան ու Աստվածահայտնության տոնին, որը Հիսուսի Սուրբ Ծննդյան և մկրտության հիշատակումն է:

Սուրբ Ծննդյան տոնը սկսվում է հունվարի 5-ի երեկոյան և շարունակվում կեսգիշերից հետո:
Հունվարի 5-ի երեկոյան բոլոր եկեղեցիներում մատուցվում է Ճրագալույցի Սուրբ Պատարագ: «Ճրագալույց» նշանակում է ճրագ՝ մոմ, վառել: Այդ օրը երեկոյան մարդիկ եկեղեցում վառած ճրագներն իրենց հետ տուն են տանում: Այն խորհրդանշում է աստվածային լույսն ու օրհնությունը: Ճրագալույցը խորհրդանշում է նաև բեթղեհեմյան աստղի լույսը, որն առաջնորդեց մոգերին դեպի Հիսուս Մանուկը:
Հունվարի 6-ի առավոտյան մատուցվում է Սուրբ Պատարագ, որից հետո` կատարվում է Ջրօրհնեքի կարգ (ըստ ավանդույթի` խաչը ջուրն իջեցնելը խորհրդանշում է Հիսուսի Հորդանան գետը մտնելը): Հավատացյալներն օրհնված ջրից տուն են տանում՝ որպես օրհնություն ու բուժիչ դեղ հիվանդների համար: Այնուհետև, քահանան այցելում է հավատացյալների տներն` ավետելու Հիսուս Քրիստոսի Ծնունդը: Այստեղից էլ առաջացել է Տնօրհնեքի կարգը:
Ըստ Հայ եկեղեցու՝ Սուրբ Ծննդյանը նախորդող մեկ շաբաթը պահոց շրջան է: Դեկտեմբերի 30-ից մինչև հունվարի 5-ի երեկոյան մարդիկ պահք են պահում: Այդ ընթացքում օգտագործվում է բացառապես բուսական ծագում ունեցող սնունդ:
Հայերը դարեր ի վեր նշել են այս տոնը և, իհարկե, միավորվել են ընտանեկան ջերմ մթնոլորտում՝ ավանդական կերակրատեսակներով զարդարված սեղանների շուրջ: Իսկ քանի որ տոնն ավելի շատ հոգևոր խորհուրդ ունի, սեղանին դրված և ոչ մի կերակրատեսակ չի եղել պատահական. յուրաքանչյուր ուտեստ անպայմանորեն ունեցել է իր խորհուրդը: Այսպես, օրինակ, սեղանին պարտադիր դրվել է ձուկ, որը հունարեն թարգմանաբար կոչվում է «Իխտուս»: Այս բառը օգտագործվել է հին քրիստոնյաների կողմից որպես հապավում, որը կազմված էր «Հիսուս Քրիստոս Աստծո Որդի Փրկիչ» բառերի առաջին տառերից։
Սուրբ Ծննդյան ուտեստների մեջ մեծ կարևորություն ունեն չորացրած մրգերից և ընկուզեղենից պատրաստված կերակուրները: Ավանդույթի համաձայն՝ տոնական սեղանին մատուցվում է բրնձով և չամիչով փլավ. բրինձը մարդկությունն է, իսկ չամիչները՝ այն ընտրյալներն, ում Աստված ընտրեց իր գործը շարունակելու համար: Ուտեստների հետ մատուցվում է նաև կարմիր գինի։ Ընդհանրապես, տոնին կենդանական բոլոր ուտեստները փոխարինվում են բուսականով: Կաղամբի տերևով և մսով պատրաստվող ավանդական հայկական դոլմայի միսը փոխարինվում է հացահատիկի 3-4 տեսակներով՝ լոբու, սիսեռի, ձավարի խառնուրդով: Ծննդյան կերակրատեսակներից ամենատարածվածը տարի կոչվող քաղցր գաթան է, որը բաժանվում է 12 մասերի՝ ըստ տարվա 12 ամիսների: