Վերադարձ արմատներին․ հայկական ավանդական Ամանոր

Տարվա գլխավոր տոնը յուրաքանչյուրի համար իր նշանակությունն ու սպասելիքներն ունի։ Այնուամենայնիվ, հարկ է խոսել Ամանորի իրական խորհուրդի մասին, որն ամենալավն արտացոլված է տոնի հայկական ավանդույթներում։


Հայերն Ամանորն անվանում էին տարբեր ձևերով՝ Տարեմուտ, Նոր տարի, Տարին Գլուխ, Կաղանդ, Կաղինդ, Կալոնտար, իսկ համշենահայերի մոտ տարածված էր Ծաղկըմուտ տարբերակը: Նոր տարվա նախորդ գիշերը հայտնի էր Լոլեի գիշեր, Խլվլիկ, Գոտեկախ և այլ անուններով։



Վաղնջական ժամանակներում հայերը Նոր տարին դիմավորել են մարտի 21-ին՝ գարնանային գիշերահավասարի օրը, ինչը պատահական չէ։ Բնությունը հարություն է առնում գարնան սկզբին, այդ պատճառով էլ հենց այդ օրը հայ մարդը դարձրել է Նոր տարի և նշել ցնծալի տոնակատարությամբ, որով փառաբանել է բնության զարթոնքը։


Հայկական երկրորդ տարեգլուխը եղել է Նավասարդի 1-ը՝ օգոստոսի 11-ը։ Նավասարդը, ըստ հայոց ազգային օրացույցի, տարվա անդրանիկ ամիսն էր, որը տևում էր օգոստոսի 11-ից սեպտեմբերի 9-ը։


Իսկ Ամանորը հունվարին նշելու սովորույթը Հայաստանում մոտ երկու հարյուր տարվա պատմություն ունի: Ճիշտ է՝ ժամանակային կտրվածքով սա շատ կարճ ժամանակահատված է, սակայն այն հասցրել է ձեռք բերել բավականին կայուն արարողակարգ:


Այսօր էլ Ամանորն իր մեջ ներառում է ավանդական Նավասարդից մնացած բազում սովորույթներ, որոնք պահպանվում են հիմնականում գյուղերում՝ արևմտահայ մշակույթը կրողների հաջորդ սերունդների շրջանում:


Ամանորի տոնի խորհուրդը, հատկանիշներն ու ծեսերը հետևյալն էին․ առաջինը՝ բնակարանը, բնակավայրը, մարդու մարմինն ու հոգին մաքրելը, երկրորդ՝ ծիսական ուտեստը, երրորդ՝ ծիսական այցելությունները, չորրորդ՝ բախտագուշակություններն ու չարը կանխարգելող հմայական արարողությունները։


Շատ տեղերում հենց Ամանորի գիշերն ընդունված չէր միմյանց այցելել, բայց ընտանիքի բոլոր անդամների ներկայությունը պարտադիր էր: Իսկ ահա այլ տեղերում ընդհակառակը, ընդունված էր բարեկամներին այցելել հենց Ամանորի գիշերը: Այցելում էին տոհմի մեծերին, խնամիներին, բարեկամներին: Տուն մտնելիս էլ նախ աջ ոտքն էին ներս դնում, որ ոտքը խերով լինի:


Նոր տարին ընտանեկան տոն էր, որը խորհրդանշում էր ընտանիքի ամրություն, ընտանիքի անդամների փոխադարձ հարգանք, հարգալից վերաբերմունք տարեցների նկատմամբ։


Նոր տարվա նախորդ երեկոյան երեխաներից կազմված խմբերով տնից տուն շրջելու, երգերով տան անդամներին շնորհավորելու և փոխարենը նվերներ ստանալու սովորույթ էր տարածված։


Կեսգիշերին հնչում էին եղեղեցու զանգերը, մարդիկ դռներն էին բացում, ճանապարհում հին տարին ու դիմավորում նորը:


Մինչ տներում զբաղված էին տոնական պատրաստություններով, տղաները երգելով տուն էին մտնում կամ երդիկից դատարկ տոպրակ իջեցնելով՝ ավետում հին տարվա ավարտը և նորի գալուստը: Տանտիկինը կախված տոպրակի մեջ դնում էր մրգեր, հատուկ այդ նպատակով թխված խմորեղեն, ընդեղեն, չամիչ և այլն: Այս ծեսը կոչվում էր Գոտեկախ կամ Կախուկ։


Ամանորին նաև բազմաթիվ գուշակություններ էին անում: Օրինակ՝ Ջավախքում Ամանորին հաջորդող առավոտյան ընտանիքով մտնում էին ախոռ և շրջապատում ձիուն: Եթե ձին առաջինն աջ ոտքը բարձրացներ, ուրեմն հաջողակ տարի է լինլեու, եթե ձախը ՝ թարսությունների տարի էր լինելու: Գուշակություններ էին անում նաև երեկոյան վառված մոմերից առաջացած ստվերների պատկերներով:


Դե իսկ ծիսական ուտեստների և այլ ավանդույթների մասին կպատմենք հաջորդիվ։


բաժանորդագրվի՛ր մեր էլ. նամակներին

  • Facebook
  • Instagram
  • YouTube
  • TripAdvisor

© Dalma Garden Mall 2020