Սուրբ Սարգիս՝ սիրահարների ազգային տոն

Սուրբ Սարգսի տոնը Հայ եկեղեցու տոնացույցում ունի իր պատվավոր տեղը: Նրա հիշատակը Հայ եկեղեցին նշում է Սբ. Զատկից 9 շաբաթ առաջ, Առաջավորաց պահքին հաջորդող շաբաթ օրը:


Սուրբ Սարգիս զորավարը համարվում է երիտասարդ զույգերի և սիրահարների բարեխոսը։


Սարգսին առնչվող պատմական իրադարձություններն արտացոլվել են ավանդապատումներում, ծեսերում և հավատալիքներում։ Դրանց հիմքում մեծ մասամբ ընկած են հավատքի և ազգի պաշտպանության համար թշնամական ոտնձգությունների դեմ ուղղված Սարգսի հերոսական կռիվները։ Ըստ ավանդության, Ս. Սարգիսը քաջ և ազնիվ զորավար էր, ով միշտ օգնում էր խեղճերին ու անմեղներին` միաժամանակ պատժելով չար մարդկանց։


Արդեն մի քանի տարի է, ինչ Ամենայն հայոց Կաթողիկոսի հրահանգով Սբ. Սարգսի տոնը հռչակվել է իբրև երիտասարդների օրհնության օր։ Այս օրը ժողովուրդը գնում է եկեղեցի, աղոթում՝ հայցելով Սբ. Սարգսի բարեխոսությունը, մասնակցում Սբ. Պատարագին, իսկ երիտասարդները քահանայից ստանում են օրհնություն։


Տոնի ավանդական ուտեստները փոխինդն ու խաշիլն են, որոնց գործածությունը նախընթաց հինգ օրերի ընթացքում արգելվում է։ Ընդունված էր պասի ուրբաթ երեկոյան փոխինդ պատրաստել և դրանով իսկ պասը լուծել։ Առաջավորաց պասը սկսվում էր Ս. Սարգսին նախորդող երկուշաբթի օրվանից։ Այն ուներ իր ծիսական ուտեստը, և պատահական չէ, որ կենցաղում այդ պասը հայտնի էր նաև «խաշիլի պաս» անվամբ։


Հին ավանդույթներից պահպանվել են տոնի բախտագուշակության ծեսերը։ Ուրբաթ երեկոյան երիտասարդներն աղի բլիթ են ուտում գիշերը երազ տեսնելու ակնկալիքով։ Դրանից հետո անհրաժեշտ է ոչինչ չուտել ու չխմել։ Ըստ ավանդության՝ այդ գիշեր երազում ծարավը հագեցնելու նպատակով ջուր տվողն անպայման կդառնա իր կյանքի ընկերը։


Գոյություն ունի ևս մի գեղեցիկ սովորույթ։ Փոխինդով սկուտեղը կամ ափսեն թողնում են տան տանիքին կամ պատուհանագոգի վրա։ Առավոտյան դրված ալյուրի կամ փոխինդի մեջ գտնում են Ս․ Սարգսի սպիտակ ձիու պայտի հետքը, որը նշանակում է՝ այդ տարի կիրականանա երիտասարդի երազանքը:


Ս. Սարգսի ավանդույթներից է նաև նրա անունը կրողների նկատմամբ հատուկ վերաբերմունքը` կապված անվանակոչության հետ. նվեր մատուցելը, հատուկ հյուրասիրություն կազմակերպելը, այդ օրը ծնվածին նրա անունով կոչելը և այլն։


Այսօր էլ այս ավանդույթները պահպանվում են, բացի այդ տոնի առթիվ սիրահարված երիտասարդները միմյանց բացիկներ և քաղցրավենիք են նվիրում: Մարդիկ այցելում են Ս.Սարգիս Զորավարի անունը կրող եկեղեցիներ, որտեղ մատուցվում է Ս. Պատարագ, որից հետո կատարվում երիտասարդների օրհնության կարգ:

բաժանորդագրվի՛ր մեր էլ. նամակներին

  • Facebook
  • Instagram
  • YouTube
  • TripAdvisor

© Dalma Garden Mall 2020